Պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը` անդրադառնալով այսօրվա աղմկահարույց միջադեպին:
«Սիրելի’ հայրենակիցներ,
Միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։
Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։
Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։
Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ»։
Հիշեցնենք, որ Երևանի սրճարաններից մեկում ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, կոտրել համակարգիչը։
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։ Միջադեպին է անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







