Մարտի 18-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին ու Թագուհի Թովմասյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից։
Հանդիպմանը ներկա էր Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը: Հանդիպման ժամանակ Արցախի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմում հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան:
«150 հազարանոց Արցախը փաստացի կռվել է Թուրքիայի հետ, ավելի քան 5000 վարձկան ահաբեկիչներ էին ներգրավված, ու ամենավրդովվեցուցիչն այն է, որ միջազգային հանրության լուռ համաձայնության պայմաններում է տեղի ունեցել այս ամենը»,-ասել է Արթուր Թովմասյանը:
Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել առ այն, որ պատերազմում պարտվելը բանակցություններում պարտվել չի նշանակում: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի ակտիվացմամբ բանակցային գործընթացը կշարունակվի:
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կիսել են Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարի տեսակետը՝ բանակցային գործընթացում միակ ընդունելի ձևաչափը համարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նշելով, որ օրակարգում Արցախի դեօկուպացիայի հարցն է, խորհրդարանականները քննարկել են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:
«Արցախը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ Արցախով է պայմանավորված Հայաստանի անվտանգությունը»,-ասել են անկախ կին պատգամավորները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







