Ամուլսարի հանքի շահագործման որոշում այս պահի դրությամբ չկա։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Նախարարի խոսքով՝ ամեն ինչ պարզ կլինի հարուցված քրեական գործի ավարտից հետո։
«Քանի դեռ քրեական գործը հանգուցալուծված չէ, և այն օբյեկտիվ իրականությունը, որին սպասում ենք բոլորս, հրապարակայնացված չէ, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն անել, բայց կարող եմ երաշխավորել, որ եթե Քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործը վեր հանի այնպիսի փաստեր, որոնք կասկածի տակ կդնեն ՇՄԱԳ-ը, վտանգավոր թափոնների տեղադրման թույլտվությունները, կասկածի տակ կդնեն ջրօգտագործման թույլտվությունները, ապա ես՝ ինքս, ամենախիստ հակադարձումը կանեմ»,- վստահեցրեց նախարարը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մեծ է Ամուլսարի հանքի բացման հնարավորությունը։
«Իմ վերաբերմունքը չի փոխվել, որովհետև ես այն կարծիքին եմ, ինչ կարծիքի եղել եմ մեկ տարի առաջ: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային բաղադրիչը, ասելով, որ, տեսեք, պատերազմական իրավիճակի մեջ ենք, և երբ պատերազմ սկսվի, զբոսաշրջիկների հոսքը չի շարունակվելու մեր երկիր, ու այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար վալյուտային հոսքեր է երաշխավորում: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից կարող եմ արձանագրել, որ մենք նաև կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան, ինչի արդյունքում հունվարին եվրապարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր ՀՀ պատմության մեջ»,- 1in.am-ի հետ զրույցում նշել է վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







