«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին: Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար:
Հիշեցնենք, որ դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռը հայտնվել է Իրանում: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել առ այն, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին հաստատված տեղեկատվություն չի ստացվել, և տեղյակ են դրա գտնվելու վայրի մասին:
Ավելի ուշ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հայտարարել էր, որ Boeing 737-300-ը պետք է թռչեր Ուկրաինա, սակայն, անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։
Նշենք նաև, որ ԱԱԾ-ում Boeing 737 օդանավի հետ կապված դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







