2021 թվականի փետրվարին արձանագրվել է 0,6 տոկոս գնաճ։ 12-ամսյա գնաճն ու բնականոն գնաճն ավելացել են ու ամսվա վերջում համապատասխանաբար կազմել 5,3 և 5,5 տոկոս։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով, որ ցուցանիշները հիմնականում պայմանավորված են միջազգային ապրանքահումքային շուկաներից և դրամի փոխարժեքի արժեզրկումից փոխանցվող ազդեցություններով։
«2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հիմնական տնտեսական գործընկերության երկրներում շարունակվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումները»,-ասաց նա։
Շեշտելով մի շարք գործոնների մասին՝ Մարտին Գալստյանն ասաց․ «Հումքային ու պարենային մի շարք ապրանքների միջազգային շուկաներում նկատվել են գների աճի միտումներ։ Այս հանգամանքը գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միտումների ձևավորմանն է նպաստում։ Նման իրավիճակում ՀՀ ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա դեռևս շարունակում է գնաճային ազդեցություն ակնկալել»։
Մարտին Գալստյանը նշեց, որ 2021 առաջին եռամսյակում ցածր տնտեսական ակտիվությունը դեռևս պահպանվում է, ինչի առումով էական նշանակություն ունի ծառայությունների ոլորտի նվազումը․
«Այնուամենայնիվ, ԿԲ-ն ներքին տնտեսություններից գնաճային ազդեցություններ չի սպասում։ Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը որոշակի արագացումից հետո կանխատեսվող հորիզոնում կնվազի և կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ»։
Անդրադառնալով 2021թ․ տնտեսական աճի կանխատեսմանը՝ Մ․ Գալստյանը հավելեց․ «Մենք վերանայել ենք ցուցանիշը։ Եթե նախկինում, մեր կանխատեսմամբ, ՀՀ-ում տնտեսական աճը պետք է լիներ 2 տոկոս, ապա այժմ, մեր գնահատականներով, այն կկազմի 1,4 տոկոս»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







