Շուրջ հարյուր ֆրանսիացի մտավորականներ հաղորդագրություն են տարածել, որտեղ նշել են, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարությունից 4 ամիս անց պաշտոնական Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել փաստաթղթի հումանիտար կետերից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը. հայտնում է ֆրանսիական Le Point-ը։
«Մոտավոր հաշվարկներով երկու հարյուր մարդ շարունակում է կալանավորված մնալ: Փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այդ ձերբակալվածներին համարում է «ահաբեկիչներ»՝ հիմնավորմամբ, որ նրանց ձերբակալությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից հետո: Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները: Ստորագրված փաստաթղթի նկատմամբ այս անարգալից վերաբերմունքը փշրում է 1915-ի Ցեղասպանությունից հարյուր տարի անց հայ ժողովրդի՝ իր նախնիների հողում նորմալ կյանքի վերադառնալու հույսը։ Դա կարող է մեկնաբանվել միայն որպես ատելության դրսևորում այն բանից հետո, երբ Ալիևը խոստացել էր նրանց «որսալ շների պես»:
Ադրբեջանը, որի զինվորականները պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ են իրականացրել հայերի նկատմամբ՝ սպանելով ու խոշտանգելով ինչպես հայ զինվորների, այնպես էլ քաղաքացիական անձանց, խեղելով նրանց դիակները, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների վարկանշային վատագույն ցուցանիշներն ունի աշխարհում՝ հաստատված այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Freedom House-ը և «Լրագրողներ առանց սահմանների»-ն »,- նշել են ֆրանսիացի մտավորականները։
Նամակին միացած մտավորականները Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային խնդրում են օգտագործել իր ողջ իրավասությունը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման համար: «Եթե ԵԱՀԿ կողմից մանդատ ստանձնած այս խումբը չի կարողացել կանխել պատերազմը կամ պաշտպանել մարդկանց, որոնք զոհ գնացին, ապա գոնե թող ապահովի հրադադարի ռեժիմի այս հումանիտար կետի պահպանումը»,- ասվում է մտավորականների ստորագրած հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







