Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն արդեն սկսել է բանակցություններ Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելու համար: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդեի հետ բանակցությունների ընթացքում:
«Մենք արդեն սկսել ենք Հայաստանի հետ բանակցային գործընթացը՝ տրանսպորտային հաղորդակցությունները բացելու համար: Սա եռակողմ հայտարարության մի մասն է, որը ստորագրվել է նոյեմբերի 10-ին: Մի շարք հանդիպումներ արդեն տեղի են ունեցել տարբեր մակարդակներում:
Սա կարող է շրջադարձային լինել պատերազմի էջն ամբողջությամբ փակելու համար: Հաղորդակցությունների բացումը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրներին, կստեղծի նոր հնարավորություններ և կտա նոր դինամիկա: Ես բացահայտ ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»,-մեջբերում է Ալիևի պաշտոնական կայքէջը:
Նա նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է, և անհրաժեշտ է նայել ապագային:
«Այժմ հակամարտությունն անցյալում է, և մենք պետք է նայենք դեպի ապագա: Այսօր մենք ձեզ հետ քննարկեցինք մեր տեսակետները, թե ինչպես կառուցել ապագան: Կարծում եմ, որ պատերազմից հետո վերջին չորս ամիսները ցույց են տալիս երկու կողմերի ցանկությունը՝ փակել էջը և կենտրոնանալ ապագայի վրա»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Իր հերթին, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդեն Բաքվում Ալիևի հետ իր բանակցությունները որակել է կառուցողական:
«Ուրախ եմ խոսել Ադրբեջանի նախագահի հետ: Կառուցողական բանակցություններ էին ԵԱՀԿ-ի հետ կապված հարցերի և տարածաշրջանային գործընթացների շուրջ: Ընդգծվեց ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերը չլուծված հարցերի կարգավորման գործում»,-գրել է Լինդը Twitter-ում:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն՝ նվիրված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







