Թուրքիայի խորհրդարանում Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի: Այս մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ այն կանցկացվի վաղը՝ մարտի 15-ին:
Նշվում է, որ պանելային քննարկումները տեղի կունենան Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպի հովանու ներքո և Բիլքենթ համալսարանի աջակցությամբ: Քննարկումների բացմանը ելույթ կունենա խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոպը:
Միջոցառման ծրագրում ներառված են նաև թուրք-ռուսական ֆորումի համանախագահ Ահմեդ Բերատ Չոնկարի, Բիլքենթ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Աբուլլա Աթալարի և Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի ելույթները:
Հիշեցնենք, որ Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես, պայմանագրով Թուրքիայի կազմում են մնացել Բաթումիի մարզի հարավային մասը (Արտվինի շրջան), Կարսի մարզը, Սուրմալինի գավառը: Կողմերը պայմանավորվել են նաև նախկին Նախիջևանի շրջանի տարածքում ինքնավարության ձևավորման մասին՝ «Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







