Մարտի 13-ին նշվելու է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը, ինչի առթիվ բանաստեղծի տուն-թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։
Գրողի ծննդյան նախօրեին՝ մարտի 12-ին՝ ժամը 14։00-ին, տուն-թանգարանն առաջին անգամ կկազմակերպի առցանց էքսկուրսիա, ինչը Չարենցի գրականության սիրահարներին, նրա կյանքով ու արվեստով հետաքրքրված անձանց ու թանգարանի ընկեր-բարեկամներին հնարավորություն կընձեռի, չայցելելով թանգարան, բացահայտելու Չարենց բանաստեղծին, ստեղծագործող անհատին և յուրօրինակ մարդուն, մտովի տեղափոխվելու Չարենցի ծննդավայր, լինելու նրա հյուրընկալ տանը՝ զգալով չարենցյան շունչը:
Նույն օրը՝ ժամը 18։30-ին, տեղի կունենա գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում ելույթներով հանդես կգան միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ։
Ե. Չարենցի ծննդյան 124-ամյակի օրը՝ մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, բանաստեղծի տուն-թանգարանում տեղի կունենա «Չարենց-Նամե» գրքի շնորհանդեսը և Ռեգինա Ղազարյանի «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» կտավի վերակենդանացող ցուցադրությունը։ ARloopa հավելվածի միջոցով տակառից դուրս են հորդելու Ե. Չարենցի ձեռագրերը և տարածվելու են թանգարանի ցուցասրահով: Այցելուն, հպվելով «ձեռագրերին», կարող է ծանոթանալ դրանց բովանդակությանը։
Միջոցառմանը ելույթ կունենա «Նաիրյան» վոկալ անսամբլը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







