«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պայմանագիր է կնքել ռուսական «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ հետ, համաձայն որի՝ 2021 թվականին ձեռք է բերվելու միջազգային և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացման համար նախատեսված նոր շարժակազմը:
Պայմանագրի շրջանակներում Հայաստան են մատակարարվելու 27 ուղևորատար վագոններ, որոնք սպասարկելու են Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները: Դրանցից 16-ը կուպե վագոններ են, 5-ը` ննջավագոններ և 6-ը` պլացքարտ վագոններ: Բացի այդ, հոլդինգը ՀԿԵ-ին կմատակարարի երկու երկվագոնանոց ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքներ:
Նմանատիպ գնացքները Հայաստանում բավականին արդյունավետ շահագործվում են 2017-2018 թվականներից: Նոր ուղևորատար վագոնները բերվելու են 2021թ-ի մայիս-հունիսին, իսկ նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը: Նոր շարժակազմը Տրանսմաշհոլդինգի ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր դարձավ սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի ավտոմատներ և սուրճի ապարատներ:
Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի ապարատներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ:
ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կկիրառվի հատուկ գունային գամման: ԷՊ2Դ էլեկտրագնացքները հագեցած են անվտանգության պասիվ համակարգերով, հատուկ միկրոկլիմայի ապահովման համակարգով, օդի ախտահանման մոդուլներով և էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումներով:
Հայաստան մատակարարվող շարժակազմը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ուղևորափոխադրումների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին, ինչպես նաև կարող է շահագործվել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







