Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել հայ և ռուս գործարար շրջանակների, այդ թվում՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի (РЭЦ) և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ընկերության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրենի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Առևտրային երեք խոշոր ցանցեր ընդգրկող X5 Retail Group ընկերության հետ, մասնավորապես, քննարկվել են դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և այդ ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունները։
X5 Retail Group ընկերության գործընկերներին համառոտ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի առաջնահերթություններն ու հիմնական նպատակները, Հայաստանում տնտեսվարողներին տրամադրվող օժանդակության գործիքներն ու ՀՀ պետական աջակցության ծրագրերը։
Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը կարևորել է նաև լոգիստիկ ծառայությունների բարձր մակարդակի ապահովումը Հայաստանում և ընդգծել, որ լոգիստիկ կենտրոնների զարգացումը Հայաստանում կայուն և կանխատեսելի մատակարարման գրավականն է:
Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչների հետ Արման Խոջոյանը քննարկել է փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանումների արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին Enterprise Armenia հիմնադրամը և Ռուսաստանի արտահանման կենտրոնը՝ կարևորելով երկու կառույցների միջև գործարար կապերի ամրապնդումը և համագործակցության զարգացումը, կնքել են փոխըմբռման հուշագիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







