355 տարի առաջ այս օրը` մարտի 11-ին, Ոսկան Երևանցին Ամստերդամում սկիզբ է դրել հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրությանը: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։
«Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը նախապատրաստվել է հրատարակության 1666 թ. Ամստերդամում, «Ս. Էջմիածին և Ս. Սարգիս Զորավար» տպարանում: Տպագրությունը ավարտվել է1668 թվականին: «Ոսկանյան Աստվածաշունչ»-ը, բաղկացած է 1462 երկսյուն էջերից (2924 սյունակ) և 159 պատկերներից: Հիմքում օգտագործվել է 1295 թ. Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով ընդօրինակված Աստվածաշունչը:
Այս բնագիրը Ոսկան Երևանցին խմբագրել է ըստ Աստվածաշնչի լատիներեն թարգմանության` Վուլգաթայի: Նա տպագրության ընթացքում թարգմանել և ավելացրել է նաև Հին Կտակարանի մի քանի գրքեր, որոնք բացակայում են Աստվածաշնչի հայկական կանոնում: Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը՝ «Ոսկանյան Աստվածաշունչ»-ը, պահվում է Հայաստանի ազգային գրադարանում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







