Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնում է կառուցել Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը, որտեղ ննջում են 44-օրյա պատերազմի հետևանքով անմահացած մեր հերոսները: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը։
«Քաղաքային իշխանությունների այս որոշումը պայմանավորված է մեր սուրբ նահատակների ընտանիքներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու նկրտումով: Բացի այդ, յուրաքանչյուրիս պարտքն է փայփայել մեր տղաների անմար հիշատակը և նեցուկ կանգնել նրանց հարազատներին:
Նաև տեղեկացնում ենք, որ շինարարությունը ընթանալու է փուլային տարբերակով և անպայման քննարկվելու ու հաշվի են առնվելու զոհվածների ընտանիքների նկատառումները տապանաքարերի, նկարների և այլ նրբությունների վերաբերյալ: Ակնկալում ենք քաղաքի ողջ բնակչության աջակցությունը այս հիրավի նվիրական ծրագրի կյանքի կոչման գործում»,-ասված է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







