Կառավարության նիստի ժամանակ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, իսկ փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառել մեկ միասնական մոտեցում։
«Սա լավ հնարավորություն է տնտեսվարողների կողմից շրջանառվող միջոցներն ավելի արագ տնօրինելու և դեպի տնտեսություն ներարկելու համար։ Առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանել ամսական 40 մլն դրամ, իսկ ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների պարզեցված ընթացակարգով միասնական հաշվին մուտքագրված լինելու դեպքում, հարկ վճարողը չի կարող տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առկա իրավիճակում հարկ վճարողների համար շրջանառու միջոցների ապահովում և ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործում։
Ի դեպ՝ մինչև այս նախագծին անցնելը ԱԱՀ-ն, ըստ ՊԵԿ նախագահի, ավելի բարձր է եղել։
«Տնտեսվարողների նկատմամբ ԱԱՀ պարտավորությունը 2018 թվականին կազմել է 260 մլն, 2019 թվականին՝ 175 մլն, իսկ 2020 թվականին՝ 139 մլն դրամ»,- համեմատելու համար ասաց Հովհաննիսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







