Ես գիտեմ, ամենատարբեր տեղերից և առիթներով սկսվել են և կսկսվեն շահարկումներ, որ այս հրապարակում, այսպես ասած, բերված մարդիկ են, այդ փաստին անդրադառնալու մի ձև կա. հրապարակի հավաքականությունը… թե առաջինից մինչև վերջին շարքը ինչպես են մարդիկ հաղորդակցվում հարթակի հետ: Այս մասին մարտիմեկյան հանրահավաքի իր բացման ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2021 թվականի մարտի մեկը դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում. ղարաբաղյան 2-րդ պատերազմի ծանր հետևանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, մեր անհետ կորածների առկայությունը, մեր բազմաթիվ քույրերի ու եղբայրների գերեվարված լինելու հանգամանքը, բռնության շարունակական քարոզը, ԶՈւ-ը և դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ:
Ըստ Փաշինյանի՝ այդ մարտահրավերներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ և դրանց կառավարումից է կախված մեր երկրի ու ժողովրդի ապագան: Նա կարծում է, որ հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները:
Անկախության 31 տարում, վարչպետի խոսքով՝ մենք թույլ ենք տվել հնարավոր բոլոր սխալները՝ գործնականում ու տեսականորեն:
Նիկոլ Փաշինյանը չի հերքում իր և իր ղեկավարած կառավարության թույլ տված սխալները և հրապարակի հարթակից ներողություն է խնդրում իր թույլ տված սխալների համար:
«Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել»,- ասաց նա ՝ կարևորելով, սակայն այն հանգամանքը, թե ինչու են իրենք սխալվել:
Փաշինյանը ներողություն խնդրեց ոչ միայն իր, այլև Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր նախորդ իշխանությունների գործած սխալների համար։
Վարչապետը համոզված է, որ իրենց քաղաքական թիմի սխալները եկել են շատ սիրված լինելուց: Այդ անվերապահ սիրուն արժանի լինելու համար ձգտել են կատարելության ու դրա փնտրտուքի պատճառով սխալներ գործել, իսկ երբեմն ընտրել են վատի ու վատթարագույնի միջև: Մինչ իրենք լավի ու լավագույնի ստեղծման ուղին են բռնել, պարզվել է, որ վատն ու վատագույնն այնքան արմատացած են, որ ընտրությունն անբեկանելի ու անշրջելի է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







