ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մշտադիտարկումների արդյունքում կարագի իրացման գների փոփոխություններ են արձանագրվել 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում, որոնց վերաբերյալ տարածվել են մամուլի հաղորդագրություններ: Այս մասին տեղեկացնում են Հանձնաժողովից։
Չնայած արձանագրված գնային բարձրացումներին՝ 2020 թվականի ընթացքում միջինում կարագի իրացման գինն ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին։
Համաձայն Հանձնաժողովի ուսումնասիրությունների՝ կարագի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման հետ կապված ծախսերից, մաքսատուրքերից և այլ ծախսերից։ Ընդ որում՝ կարագի ձեռքբերման արժեքը ինքնարժեքում կազմում է շուրջ 86 %-ից մինչև 88%, բեռնափոխադրման ծախսերը` 1 %-ից մինչև 2 %, մաքսատուրքերը (3-րդ երկրներից ներմուծման պարագայում)՝ 11%-ից մինչև 15% և այլ ծախսերը՝ 0,5%-ից մինչև 1%։
2020 թվականի ընթացքում կարագի իրացման գնի վրա էական ազդեցություն են ունեցել հետևյալ գործոնները․ 2020 թվականի սկզբից տեղի է ունեցել ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացում ՀՀ դրամի նկատմամբ, իսկ կարագի գերակշիռ մասը ՀՀ է ներկրվում 3-րդ երկրներից: Նշենք, որ 2020 թվականի վերջից (սեպտեմբեր ամսից) բարձրացել են միջազգային ապրանքային շուկաներում կարագի իրացման գները։ Իսկ ԵԱՏՄ կարգավորումների արդյունքում 2018 թվականից կարագի ներմուծման մաքսատուրքը բարձրացել է՝ 2021 թվականի հունվարի 1-ից 11%-ից դառնալով 15%:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







