Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է իրաքյան եզդի գրող, իրավապաշտպան ակտիվիստ, «Ավրորա» մարդասիրական մրցանակի 4-րդ դափնեկիր Միրզա Դինայի հետ: Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը։
Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունները և ընդգծել, որ չնայած աղաղակող վայրագություններին և իր բոլոր կոչերին՝ միջազգային մարդասիրական ու իրավապաշտպան համայնքը պատշաճ չի արձագանքել մարդկության դեմ այդ հանցագործությանը և ժամանակին գործնական քայլեր չի ձեռնարկել մարդասիրական աղետը կանխելու ուղղությամբ:
Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արտակ Բեգլարյանն ընդգծել է միջազգային հանրության պարտավորությունն ու աջակցելու անհրաժեշտությունը զոհվածների մարմինների ու գերիների վերադարձի, ինչպես նաև տեղահանված և անօթևան մնացած մարդկանց խնդիրների լուծման հարցում:
Միրզա Դինայը շեշտադրել է, որ անվերապահորեն սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման ու այլ իրավունքների պաշտպանության պայքարին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու նաև ադրբեջանա-թուրքական ագրեսիայի պատճառով ստեղծված մարդասիրական աղետի հետևանքների վերացման աշխատանքներին: Պաշտպանի ուղեկցությամբ Միրզա Դինայը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին:
Հիշեցնենք, որ Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ Մարդասիրական մղումներից ելնելով՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական և ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում և Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։
Հայաստան կատարած այցի շրջանակում նա կայցելի «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ «Հերացի» հիվանդանոցային համալիր՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում վիրավորվածներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







