Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա: Նախքան պատերազմը՝ օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցվում էր Շուշիից: Ռազմագործողություններից հետո գյուղը ջրից զրկվել է: Համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանն ասում է, որ ընտանիքների մեծ մասը հրադադարից հետո վերադարձել է, բայց խմելու և առօրյա օգտագործման ջրի հարցն օրախնդիր է:
Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Գյուղը ջրաֆիկացնելու հարցով համայնքի ղեկավարը դիմել է ԱԻ պետական ծառայության տնօրենին: Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով այսօր հրշեջ փրկարարական մեկ ավտոմեքենայով 8 տոննա ջուր է մատակարարվել գյուղի գլխավոր ջրավազան:
Ավելացնենք, որ ջրի մատակարարումը շարունակական կլինի, մինչև գյուղի ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի:
Ռուդիկ Ասլանյանն իր շնորհակալությունն է հայտնել փրկարար ծառայությանը, ի դեմս Կարեն Սարգսյանի, կենսական նշանակության հարցը լուծելու և դաշուշենցիներին աջակցելու համար:
Նշենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն՝ հայկական կողմը հակառակորդին է հանձնել նաև Շուշի քաղաքը, որը և պատճառ է հանդիսացել վերոնշյալ խնդրի առաջացմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







