2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժ. 18։27-ին, Սահմանադրական դատարանը «Mulberry» էլեկտրոնային համակարգով ստացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի դիմումը։
Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանը։
Որպես դիմումի փաստական հիմք նշվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և դրան կից փաստաթղթերը։
Դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժ. 09։49-ին։ Ներկայումս ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։
Դիմումի ընդունման, վարույթի և գործի քննության ընթացակարգերի պարզաբանմամբ Սահմանադրական դատարանը հանդես կգա առանձին հրապարակումով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ԱԺ խորհրդի փակ նիստում որոշվել էր բավարարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով, քանի որ նա, լինելով ԱԺ պատգամավոր, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







