Ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի պահպանումը: Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումն իրականացնում են 23 դիտակետերով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ», իսկ 11-ը՝ պատասխանատվության գոտու «Հյուսիս» հատվածում:
Ռուս խաղաղապահները նոյեմբերի 14-ից ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր: Խաղաղապահներն աջակցում են տեղական իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու հարցում:
Խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն օգնում են վերականգնել ճանապարհային երթևեկությունը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ջեռուցումը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինծառայողներով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







