ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների և վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ շրջկենտրոնում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին նա
գրել է Facebook-ի իր էջում։
Հարությունյանն ընդգծել է, որ համայնքներում պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը, կարճ ժամանակահատվածում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, ապահովել այն կենցաղային գույքով և մինչև հիմնական բնակարանների կառուցումը տրամադրել անօթևան մնացած քաղաքացիներին:
Հարությունյանը Ասկերանի վարչակազմի ղեկավարին հանձնարարական է տվել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում ունենալ պատասխանատու, որը կզբաղվի շրջանի՝ անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած բնակիչների սոցիալական խնդիրներով:
Հիշեցնեք, որ Հայաստանում ժամանակավորապես բնակվող արցախցիները վերադառնում են։ Նոյեմբերի 22-ի տվյալներով՝ ևս 1400 արցախցի Հայաստանից վերադարձել է Ստեփանակերտ։
Հիշեցնենք նաև, որ Արցախ վերադարձած քաղաքացիների համար առաջիկա մեկ տարում անվճար կլինեն կոմունալ և կապի բոլոր ծառայությունները։ Անօթևան մնացած քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։