Արցախից տեղափոխված քաղաքացիները Երևանում դժվարությամբ են վարձով բնակարաններ գտնում։ Անշարժ գույքի գործակալությունների մեծ մասը հրաժարվում է նրանց հետ պայմանագրեր կնքել։
Արցախից տեղափոխված կինն Armenia Today-ին ահազանգեց, որ բազմաթիվ անշարժ գույքի գործակալությունների է դիմել, սակայն, նրան չի հաջողվել վարձով բնակարան գտնել։
Armenia Today-ը փորձել է պարզել, թե ինչու են Արցախից տեղափոխված մեր հայրենակիցները նման խնդրի առաջ կանգնել։
«Գոլդ Հաուս» անշարժ գույքի գործակալությունից, երբ լսեցին, որ Արցախից եկած քաղաքացու համար ենք բնակարան փնտրում, իսկույն արձագանքեցին, որ մեկ- երկու ամսվա համար վարձով բնակարաններ չեն կարող տրամադրել։ Իսկ, թե ինչու են նման վերաբերմունք ցույց տալիս արցախցիներին, չպատասխանեցին։
Նույն հարցով դիմեցինք նաև «Մայ Գուդ» անշարժ գույքի գործակալությանը։ Այստեղից մանրամասն հետաքրքրվեցին, թե, օրինակ, բնակարանում քանի հոգի պետք է ապրեն, որտեղ են ցանկանում բնակարան գտնել, անչափահաս երեխա կա, թե՝ ոչ, քանի ամսով պետք է պայմանագիրը կնքվի։
Հուզող հարցերի պատասխանը ստանալուց հետո գործակալության աշխատակիցը խոստացավ համապատասխան բնակարան գտնելու դեպքում մեզ հետ կապ հաստատել, բայց այդպես էլ չզանգահարեցին։
Դիմեցինք մի քանի այլ անշարժ գույքի գործակալությունների ևս, որոնցից ստացած պատասխանները նույնն էին։
Տասնյակ գործակալությունների հետ կապ հաստատելուց հետո պարզեցինք, որ կա մեկը, որը մարզերում արցախցիներին անվճար բնակարաններ է տրամադրում, դա «Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունն է։
Իսկ գործակալություններից մեկն էլ հայտնեց, որ իրենք համագործակցում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ նրանց պարբերաբար ուղարկելով ազատ բնակարանների ցանկը։
Հիշեցնենք, որ պատերազմի հետևանքով Արցախից մոտ 90 000 քաղաքացիներ են Հայաստան տեղափոխվել։ Նրանց մեծ մասը ժամանակավոր տեղավորվել է մասնավոր հյուրանոցներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







