«Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Տատյանա Բատիշևան, որը հոկտեմբերի 27-ին կայացած Մոսկվայի քաղաքային դումայի նիստում ընտրվել էր Հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերով Մոսկվայի քաղաքային դումայի հանձնաժողովի նախագահի տեղակալ, կոչ է արել դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում:
«Ես բազմիցս եղել եմ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնակցել ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված երեխաներին փրկելու գործին»,- նշել է Բատիշևան, նշելով․
«Բազմիցս այցելել եմ նաև Հայաստան: Զուտ պատահականությամբ չեմ այցելել Լեռնային Ղարաբաղ: Որպես բժիշկ գիտեմ, որ այժմ հենց երեխաներն են պրոֆեսիոնալ մասնագետների օգնության կարիքը զգում: Քննարկելով այս թեման՝ ես լավ պատկերացնում եմ այն տղաների աչքերը, որոնք այժմ կրակի տակ են: Նրանցից շատերը կորցրեցին իրենց տները, կորցրեցին իրենց ծնողներին և սիրելիներին: Ուզում եմ մեր հայ եղբայրներին ու քույրերին ասել, որ սարսափելի ռազմական գործողությունների ավարտից հետո, մեր բժշկական խմբերը կգան՝ օգնելու և աջակցելու տուժածներին», — ասել է Բատիշևան:
Այս մասին հաղորդագրություն է տեղադրված Մոսկվայի քաղաքային դումայի կայքում:
Տատյանա Բատիշևան մեծ փորձ ունի սփյուռքի, կրոնական և հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու ոլորտում և զբաղվում է այնպիսի բարեգործական ծրագրերի աջակցությամբ, որոնք ուղղված են ռազմական բախումների գոտում հայտնված քաղաքացիներին օգնելուն:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կոչերով ու նախաձեռնությամբ երեք անգամ հակամարտող կողմերը հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն, ադրբեջանական կողմը միշտ այն խախտել է՝ շարունակելով հրթիռակոծել մեր դիրքերը, նաև քաղաքներն ու գյուղերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






