Սեպտեմբերին արձանագրվել է 0.2 % գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2 % գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.4 %: Միևնույն ժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.3 %։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը
Չնայած երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում արձանագրված որոշակի դրական զարգացումներին՝ սեպտեմբեր- հեկտեմբերին կորոնավիրուսով պայմանավորված, տնտեսական ակտիվության վերականգնումը կհետաձգվի։
Ըստ ԿԲ նախագահի՝ երրորդ եռամսյակում ՀՀ-ում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվությունը և սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5% նվազում, ինչը հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ։
Չնայած իրականացված հարկաբյուջետային խթանող քաղաքականությանը, ներքին պահանջարկը եռամսյակի ընթացքում սպասվածից որոշակի թույլ է եղել` առավելապես պայմանավորված մասնավոր սպառման ավելի խոր նվազմամբ:
«Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական հարձակումը և դրա հետ մեկտեղ հոկտեմբերի առաջին կեսին կորոնավիրուսի համավարակի բարձր տեմպերով տարածումը ձևավորել են բացասական միջավայր թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի զարգացումների տեսանկյունից»,- նկատեց Գալստյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ահմանելով 4.25 %։
Մարտին Գալստյանի կանխատեսմամբ՝ գնաճն աստիճանաբար կավելանա և ժամանակահատվածի վերջին կկայունանա նպատակային 4 % ցուցանիշի շուրջ:
ԿԲ նախագահը նաև հայտնեց, որ բանկային համակարգում քաղաքացիների, կազմակերպությունների խնայողությունները որոշակիորեն նվազել են, սակայն դա ընդհանուր ավանդների մեջ աննշան տոկոս է կազմում:
«Դա կազմում է ընդհանուր ավանդների մոտ 1 տոկոսը։ Կորոնավիրուսով և ընդհանուր տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ տնային տնտեսությունների մոտ կա եկամտի որոշակի նվազում, և մարդիկ դա կոմպենսացնում են նախկինում ձևավորած խնայողությունների հաշվին: Առաջնագիծ գնացող մեր հայրենակիցների մոտ կա վարքագծային դրսևորում․ նրանք հանում են գումարը բանկից, կանխիկ տեսքով թողնում տանը, որ ընտանիքի անդամներն ունենան որոշակի ֆինանսական միջոցներ՝ իրենց բացակայության ընթացքում»,- մանրամասնեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







