Արցախը ճանաչելու, թուրք- ադրբեջանական ագրեսիան դատապարտելու հայ երիտասադների պահանջի հասցեատերն այս անգամ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունն է։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ կմնան դեսպանատան շենքի առջև այնքան, մինչև դեսպանը լսի իրենց և խոստանա, որ պահանջի վերաբերյալ քայլեր կձեռնարկի: Ակցիայի մասնակիցները գերմաներենով թուրք-ադրբեջանական ահաբեկչությունը դատապարտող կոչեր են հնչեցնում։
Նրանք նշում են, որ քաղաքակիրթ աշխարհը աչք է փակում մեր զոհերի վրա, ևս մեկ անգամ ցեղասպանություն սկսող Թուրքիայի և Ադրբեջանի քայլերի վրա։
«Մի՛ եղեք լուռ։ Երեկ Հունաստանը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելու միջնորդություն է ներկայացրել, սակայն 5 եվրոպական երկիր մերժել է դա, որից մեկը Գերմանիան է։ Մենք հիմա պահանջում ենք, որ Գերմանիան կողմ արտահայտվի այդ սանկցիաներին։ Մենք պահանջում ենք, որ բացեն իրենց աչքերը։ Պահանջում ենք, որ դադարեցնեն ցեղապանությունը։ Մեզ ամպագոռգոռ եվրոպական ավելորդ խոսքեր պետք չեն, կոնկերտ քայլեր են անհրաժեշտ։ Թող նաև իմանա, որ Արցախը Հայաստան է»,-ասացին երիտասարդները:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տղաներն այսօր ռազմաճակատում են պայքարում, իսկ իրենք՝ թիկունքով, որ կարողանան աշխարհին ցույց տալ իրականությունը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ քաղաքացիներն Արցախը ճանաչելու և թուրք- ադրբեջանական ագրեսիան դատապարտելու կոչեր են հնչեցնում ՄԱԿ, ԵՄ գրասենյակների և մի շարք այլ երկրների դեսպանատների առաջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







