Այս պահի դրությամբ կան զոհեր ու վիրավորներ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով հայ ժողովրդին։
Վարչապետն ասաց, որ մենք կանգնած են լուրջ վտանգի առաջ և կհաղթենք:
Փաշինյանը հայտնեց, որ Պաշտպանության բանակն այս պահին համառ մարտեր է մղում, Ալիևի բռնատիրական վարչակազմն անցել է պատերազմական գործողությունների:
Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ՝ թշնամին զգալի կրուստներ է հրում:
«Գործադրելու ենք հնարավոր ու անհնար ամեն ջանք՝ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն։ Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին կանգնած է համայն հայությունը, մենք միասնական ենք ինչպես միշտ, անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին: Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է: Դա պատերազմ է մեր անկախության, ազատության և արժանապատվության դեմ: Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին: Քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը եւ ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որեւէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը», — համայն հայությանը դիմելով՝ ասաց վարչապետը։
Փաշինյանը շեշտեց, որ մենք գործադրելու ենք հնարավոր և անհնարին ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: Նշեց նաև, որ որպես 1994թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ, Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, դիվանագիտական և ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։
Հիշեցնենք, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև հայտնել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







