ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հրապարակել է իր՝ ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանը (ՍՏԱՎՊ), որը ներկայացնում է Հայաստանում համավարակի դեմ պայքարի ՄԱԿ-ի տեսլականը. հայտնում է ՄԱԿ հայաստանյան գրասենյակը։
Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքներն արդյունավետ լուծելու նպատակով պլանն առաջարկում է ներառական մոտեցում, որը հնարավորություն կընձեռի փրկել կյանքեր, չանտեսելով ոչ մեկին՝ պաշտպանել մարդկանց և համայնքները՝ միաժամանակ վերականգնվելով ավելի լավ հիմունքներով:
«Այս ամենի նպատակն է օգնել մարդկանց հաղթահարել համավարակը և դրանից դուրս գալ ապագայի ճգնաժամերի հանդեպ ավելի դիմացկուն համայնքներով և ազգային համակարգերով». նշել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը։
Պլանը մշակվել է ՄԱԿ-ի հայաստանյան թիմի կողմից՝ ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններից հետո:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանը մշակվել է Հայաստանի՝ ՔՈՎԻԴ-19 համավարակին արձագանքելու կարևոր պահի: «Այն իրենից ներկայացնում է գործնական շրջանակ, որն անդրադառնում է և՛ ճգնաժամին անհապաղ արձագանքմանը՝ ներառյալ արդեն իսկ ձեռք բերված նվաճումները, և՛ ավելի լավ հիմունքներով վերականգնման համար անհրաժեշտ երկարաժամկետ կարիքներին»,- ավելացրեց փոխվարչապետը:
Պլանում նկարագրված ռազմավարական ուղղությունները և ծրագրերն ընդգրկում են առաջիկա 12-18 ամիսները՝ կենտրոնանալով վիրուսի տարածումը կանխելու և համավարակը դադարեցնելու նպատակով անհապաղ առողջապահական արձագանքի վրա և անդրադառնալով կարճաժամկետ սոցիալական, տնտեսական և մարդասիրական կարիքներին: Միևնույն ժամանակ, Պլանը կենտրոնանում է ավելի միջնաժամկետ և երկարաժամկետ սոցիալական, տնտեսական և առողջապահական հետևանքների վրա՝ փորձելով առաջնահերթ լուծել ամենախոցելիների կարիքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







