Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստում, հիմք ընդունելով «Ազգային Ժողովի պատգամվոր Արսեն Ջուլֆալակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» ԱԺ նախագահի N 7 արձանագրությունը, կազմել է մեկ այլ արձանագրություն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Սամվելի Ղահրամանյանին տալու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԿԸՀ-ը։
Նիստում քննարկվել է նաև 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին հարցը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել 2021 թվականի մարտի 14-ը, 2021 թվականի սեպտեմբերի 26-ը և 2021 թվականի հոկտեմբերի 17-ը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







