Իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ՝ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ով սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
Հրաժարականի դիմում ներկայացրած պատգամավորն արդյունավետ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր գործընկերներին։ Նա շնորհակալություն է հայտնել «Իմ քայլը» խմբակցությանը՝ ընդհանուր նպատակների իրականացմանը միտված բովանդակային քննարկումների և կայացված որոշումների համար։
«Վստահեցնում եմ, որ խմբակցությունը եղել ու շարունակելու է մնալ հեղափոխության արժեքները կրող, ՀՀ քաղաքացիների և մեր պետականության շահերին ծառայող ուժեղ ինստիտուտ»,- գրել է Արմեն Փամբուխչյանը՝ հայցելով իրեն դիմած այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց բարձրացրած խնդիրների լուծումն ամբողջությամբ ավարտին չի հասցրել:
Հավելենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Արմեն Փամբուխչյանը կնշանակվի Արտակարգ իրավիճակների փոխնախարար։ Այդ տեղեկատվության համաձայն՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի թոշակի անցնելուց հետո, Փամբուխչյանը կզբաղեցնի նախարարի պաշտոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







