Պատգամավորները քննարկեցին ԵԱՏՄ երկրների ֆինանսական ոլորտում տեղեկության փոխանակմանն առնչվող համաձայնագրին միանալու արձանագրությունը: «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանի նաագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:
«Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների և կենտրոնական (ազգային) բանկերի միջև: Հայաստանը անդամակցում է այդ համաձայնագրին: Համաձայնագրի նպատակն է համակարգել և ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը, այդ թվում՝ կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման»,-ասաց Աբրահամյանը:
Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, ինչպես նաև այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին` որոշակի պայմանների բավարարման դեպքում:
«Մասնավորապես՝ խոսքը գնում է լիցենզավորված սուբյեկտների մասով հարցումների իրականացմանը կարգավորող մարմինների կողմից: Օրինակ մեր կողմից լիցենզավորված սուբյեկտի վերաբերյալ անդամի երկրի պատկան մարմինը կարող է հարցում իրականցնել բաժնետերերի կառուցվածքի վերաբերյալ, թույլտվություն ստացած բաժնետերերի մասին և այլն»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:
Նշենք, որ լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղադրվում են ֆինանսական շուկայի վիճակի և ֆինանսական կազմակերպությունների գործունեության մասին հետևյալ տեղեկությունները (ըստ յուրաքանչյուր անդամ պետության).
1. Այն նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, որոնք առնչվում են ֆինանսական կազմակերպությունների գործունեության և ֆինանսական ծառայությունների մատուցման հետ կապված հարցերի, եթե այդ նախագծերը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, հասանելի են դարձվում անսահմանափակ թվով անձանց,
2. անդամ պետությունների ֆինանսական կազմակերպությունների և գրանցված անդրսահմանային կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,
3. թույլտվությունների և (կամ) լիցենզիաների (պետական գրանցման մասին վկայականների) տեսակը և տրամադրման ամսաթիվը,
4. ընդհանուր առմամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, այդ թվում` անդրսահմանային կազմակերպությունների ակտիվները,
5. ընդհանուր առմամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, այդ թվում` անդրսահմանային կազմակերպությունների պարտավորությունները,
6. այլ տեղեկություններ, որոնք չեն հակասում անդամ պետությունների օրենսդրությանը:
— Իրենց իրավասության (լիազորությունների) շրջանակներում լիազոր մարմինները ցանկացած լիազոր մարմնի հարցման հիման վրա իրականացնում են տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ տեղեկությունների, փոխանակում հնարավորինս լիարժեք ծավալով, ներառյալ հետևյալ տեղեկությունները.
1. պետական գրանցում, լիցենզիայով (թույլտվությամբ) նախատեսված գործունեություն, այլ անդամ պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպության բաժնետոմսերի (մասնակցության բաժնեմասերի) ձեռքբերման համար համաձայնության տրամադրում կամ տրամադրման մերժում, բանկային խմբի (բանկային հոլդինգի), բանկային կոնգլոմերատի կազմ, հիմնական (մայր) կազմակերպության կառավարում և ներքին հսկողության համակարգ, բաժնետերեր (մասնակիցներ), փոխկապակցված անձինք, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, ինչպես նաև կազմակերպություններ, որոնց դեպքում այլ անդամ պետության ֆինանսական շուկայում գործող կազմակերպությունը կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության ուժով կամ կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ կերպ հնարավորություն ունի կանխորոշելու նշված կազմակերպությունների կառավարման մարմինների կողմից ընդունվող որոշումները,
2. այլ տեղեկություններ, որոնք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, վերապահված են լիազոր մարմինների իրավասությանը (լիազորություններին):
Այսպիսով` ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ֆինանսական կազմակերպությունների կոնսոլիդացված վերահսկողության շրջանակներում արդյունավետ համագործակցության ապահովման, ինչպես նաև ֆինանսական շուկաների կարգավորման դաշտի ներդաշնակեցման համար Հայաստանի Հանրապետության կողմից «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության վավերացումը համարում ենք նպատակահարմար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







