Շրջածախ առևտրի համար մայրաքաղաքում կգործեն նոր կանոններ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքի մշակութային և զբոսաշրջային կենտրոնում շրջածախ առևտրի նկատմամբ առավել խիստ մոտեցում կցուցաբերվի: Մասնավորապես Հանրապետության ու Ազատության հրապարակներում, Հյուսիսային պողոտայում և Կարապի լճին հարող տարածքում կարելի է վաճառել միայն գրքեր, հուշանվերներ, նկարներ, մշակութային միջոցառումների տոմսեր:
Որոշման համաձայն՝ շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։
Իսկ խաղալիքների վաճառքն արգելված է շրջածախ առևտրի կարգավորումներով։ Շրջածախ առևտուր իրականացնողը պետք է նաև ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր տրամադրելու հնարավորություն ունենա։
Շրջածախ առևտուր իրականացնողները նաև տուրք կվճարեն՝ սկզբնական շրջանում նախատեսված է տեղական տուրքի վճարում օրական 500 դրամի չափով, այսինքն՝ ամսական 15000 դրամ։
Շրջածախ առևտուր իրականացնելու նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի 2021թ. հունվարի 1-ից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







