Իմ ավագ որդին ծառայել է ազգային բանակում՝ պատվո պահակախմբի համապատասխան ստորաբաժանմունքում, երկրորդ որդիս ներկայումս գտնվում է ժամկետային զինվորական ծառայության մեջ և ժամկետային զինվորական ծառայությունն անցկացնում է ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտնեց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ինչպես է ստացվել, որ նրա որդին, լինելով Երևանի բնակիչ, ծառայել է Երևանում տեղակայված զորամասերից մեկում։
«Այն անձինք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն նաև իմ բնավորությունը, իմ վարքագիծը իմ ընտանիքի անդամների հարցում։ Ասեմ, որ ծառայությունն իրականացնում է նույն մեթոդներով ու սկզբունքներով, ինչ բոլոր զինվորները։ Ներկա պահին մոտ ամիսուկես է՝ գտնվում է դիրքերում։ Այն տեղեկատվությունը, որը դուք ունեք, չի համապատասխանում իրականությանը։ Իսկ, թե ինչու է ՊՆ X կամ Y որոշման համաձայն զինվորը հայտնվել X կամ Y զորամասում, ես չեմ կարող պատասխան տալ։ Ես որևէ միջոց այս ուղղությամբ չեմ իրականացրել և նորից եմ կրկնում՝ իմ ծառայող որդին որևէ արտոնություն չունի և չի ունեցել, ինչպես և՝ ավագ որդին»,-նկատեց նա։
Դիտարկմանը՝ որքանով է անձամբ Խունդկարյանը մասնակցություն ունեցել ավագ որդու Երևանում ծառայելու հարցում, Խունդկարյանը նշեց, որ որևէ միջամտություն ծառայության հարցում չի ունեցել և չէր էլ կարող ունենալ։
Նշենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում է ՍԴ երեք անդամի ընտրության հարցը։ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի` ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: ՀՀ կառավարության թեկնածուն է Էդգար Շաթիրյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խունդկարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







