Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ առաջիկա տարիներին կառավարությունը մտադիր է Ակնայի (Աղդամի) ողջ տարածքն օգտագործել այգեգործական նպատակներով։
«1997թ.-ին, երբ ժամանակի իշխանությունները քննարկում էին տարածքային զիջումների միջոցով Արցախի հիմնախնդիրը լուծելու հարցը, այն քչերից մեկն էի, ով, եղած համեստ ունեցվածքը բանկում գրավ դնելով, Ակնայում (նախկինում՝ Աղդամ) սկսել է այգեգործությամբ զբաղվել: Մի առիթով ասել եմ, էլի կկրկնեմ, որ պատերազմի թոհուբոհով անցած 24-ամյա երիտասարդիս յուրահատուկ պատասխանն էր դա…»,-նշել է Հարությունյանը։
Անդրադառնալով հայտնի դարձած արտահայտությանը՝ Հարությունյանն ընդգծել է. «Այո՛, Ակնան մեր հայրենիքն է, ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը: Ու այդ հայտարարությունը ողջ հայության անունից եմ հնչեցնում, Ակնայի իմ այգուց, որն իր դրախտային փարթամությամբ վկայում է ոչ միայն հողի հետ տարիներով իմ պայքարի արդյունքը, այլև կարևոր օրինակ է դառնալու մեր բազմաթիվ այն հայրենակիցների համար, ովքեր կառավարության աջակցությամբ առաջիկա տարիներին ամբողջ Ակնան պետք է վերածեն մի մեծ այգեստանի»:
Նա նշել է, որ սա է Արցախի այսօրվա օրակարգը, որով առաջնորդվելու համար արդեն գործուն քայլեր են ձեռնարկում:
«Ի գործ»,-եզրափակել է Արցախի նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







