Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 55-ամյա մի բնակիչ իր տան բակում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Արագածոտնի մարզային վարչությունների ու Աշտարակի բաժնի ծառայողները նշված տան բակից ալյումինե և մետաղյա 4 տարաներում հայտնաբերցին չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով ընդհանուր մոտ 1,300 գ կանեփանման զանգված, ապա ոստիկաններն արմատախիլ արեցին կանեփի 550 բույս: Միաժամանակ, տանտերը հյուրասենյակից իրավապահներին ներկայացրեց 13 ապակե և 2 մետաղական տարաներով մոտ 1,500 գ բուսական զանգված:
Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ինքն է աճեցրել և մշակել իր օգտագործման համար:
55-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







