Լիբանանում սեպտեմբերի 5-ին ավտովթարից մահացել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) մարտիկներից Աբրահամ Թովմասյանը։
ASALA-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Էրբիլում Հակոբ Տաղլյանի մահից ընդամենը երկու շաբաթ հետո այս նոր կորուստը ծանր հարված է իրենց շարքերին և վերանորոգում է մեր վիշտը:
«Աբրահամը կազմակերպության շարքերին անդամակցել է 1980-ականների սկզբին: Մեր կազմակերպության ռազմակայաններից մեկում համապատասխան մարզումներից հետո, նա շատ աշխույժ գործունեություն է ծավալել 1980-ական թվականներին՝ մասնավորապես Եվրոպայի տարածքում: 1983-ի հունվարի 22-ին նա խմբային հարձակում է գործել Փարիզում թուրքական Օդանավային ընկերության գլխավոր գրասենյակի վրա՝ իրականացնելով «Շապին Գարահիսար» գործողությունը, որի համար դատապարտվել է 2,5 տարվա բանտարկության:
1985-ի առաջին օրերին վերադառնալով Լիբանան՝ նա իր պայքարը շարունակել է Հայկական ժողովրդային շարժման ներսում՝ օգտակար դառնալով ՀԺՇ-ի Լիբանանի մասնաճյուղի աշխատանքներին:
Աբրահամ Թովմասյանը համեստ էր, ծառայասեր, միշտ պատրաստ՝ անմնացորդ նվիրումով կատարելու իրեն հանձնարարված ամենադժվար պարտականությունները: Հայկական զինյալ ազատագրական պայքարին նրա ներդրումն իր անունը պայծառ պիտի պահի մեր պայքարի պատմության մեջ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Եռաբլուր պանթեոնում հոգեհանգստյան արարողություն կկատարվի Աբրահամի հիշատակին:
«Աբրահամ Թովմասյանի հիշատակը վառ կմնա իր պայքարի մարտական ու գաղափարական ընկերների շարքերում: Փա՛ռք իր հիշատակին»,- ասվում է հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







