Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարում ենք հերթական բարեփոխումը և հայտարարատու անձանց ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնում ենք նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նախարարը նշել է, որ որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում, որոնք սպառիչ թվարկված են նախագծով, անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու, եթե այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը կամ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Այս ծախսերի թվին են դասվում օրինակ՝ հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալությունը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարները, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը և այլն:
«Միաժամանակ նախագծով սահմանել ենք, որ հայտարարագրման է ենթակա նաև ցանկացած այլ ծախս, եթե դրա միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արժույթը: Առաջարկում ենք ներդնել մեխանիզմ, որի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ 2 տարվա ընթացքում, անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջել ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր»,- գրել է Բադասյանը։
Նախարարը նշել է, որ միջազգային կազմակերպությունների հետ երկարատև քննարկումների արդյունքում նախագծերի փաթեթով առաջարկում են որոշակիորեն ընդլայնել բարեվարքության ստուգման գործընթացին առնչվող կարգավորումները, պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել, թե ինչ է ներառում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը:
«Բարեվարքության ուսումնասիրության գործընթացում, բացի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օրենքի համաձայն առկա տվյալներ ստանալուց, առաջարկվում է նաև տրամադրել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին դիմելու և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավասություն հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով»,- գրել է նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







