«Ժամանակ» թերթ
«Դիվերսիա»՝ «Գազպրոմ Արմենիա»-ում. կրճատվում են ոչ միայն աշխատակիցները, այլև աշխատավարձերը
«Հայաստանի գազամատակարարման և գազաբաշխման համակարգի սեփականատեր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում շարունակվում են աշխատակիցների կրճատումները:
Դա տեղի է ունենում կառուցվածքային փոփոխությունների անվան տակ, երբ տեղամասերը միավորվում են, իսկ ավելորդ տեսուչները և այլ աշխատակիցներ կրճատվում: Աշխատակիցների հետ 20 տոկոսով կրճատում են նաև աշխատավարձերը: Որևէ մեկը չի համարձակվում բողոքել, որովհետև բողոքողի տեղը զբաղեցնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է»:
«Ժողովուրդ» թերթ
Ինչ վիճակում է գտնվում զբոսաշրջության ոլորտը Հայաստանում․ Covid-19-ի բացասական ազդեցության հետքերով
«Covid-19-ը Հայաստանում իր բացասական ազդեցությունն է թողել զբոսաշրջության զարգացման վրա: Թե ինչ վիճակում է գտնվում ոլորտը, այսօր պարզ է դառնում նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից: Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվը բավականին կրճատվել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր հանրապետություն հունվար-հունիս ամիսներին ժամանել է 311 հազար 264 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 770 հազար 55:
Մյուս կողմից՝ ապրիլ-հունիսին ՀՀ սահմանային անցման կետերում ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով արձանագրված ժամանողները և մեկնողները որակվել են որպես զբոսաշրջիկ, քանի որ, ըստ ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշման, անցակետով թույլատրվում է Հայաստանի քաղաքացիների և ՀՀ քաղաքացի չհանդիսացող նրանց ընտանիքի անդամների, Հայաստանում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը ՀՀ տարածք: Իսկ, ահա, ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 140 հազար 158, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել էր 235 հազար 456: Նշվածից միայն 24 հազար 278-ի նպատակը գործնական է եղել, իսկ հանգստի և ժամանցի նպատակով ՀՀ ժամանածները 100 հազար 24-ն են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 7245 քաղաքացի Հայաստան եկել են բուժման նպատակով: Ի դեպ, այս տվյալներն արտացոլում են հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում հաշվառված զբոսաշրջիկներին»:
Մարտի 1-ի գործով առանցքային դեմքերից մեկը նոր պաշտոն է ստացել
««Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկը՝ Նորայր Յոլչյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ստացել: Իսկ ո՞վ է Յոլչյանը: Նրա անունը շոշափվել էր ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի՝ «Մարտի 1»-ի գործով որպես վկա Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր նաև Մելքոնյանի հարցաքննության արձանագրությունը, որտեղ նա խոսել էր իրային ունեցվածքի բաշխման մասին և նշել. «Այդ ժամանակ իրային ծառայության պետը՝ գնդապետ Նորիկ Յոլչյանը, որը կարող է տեղեկություններ հայտնել, թե կոնկրետ ովքեր են եղել այդ համազգեստը բաշխող պատասխանատու անձինք, իրային ծառայության համազգեստի սպասարկման բաժնի սպաները, ովքեր, իմ հիշելով, պետք է լինեին 4-5 հոգի: Վարդան Պողոսյանը ներկայումս հանգուցյալ է»։
Եվ, ահա, 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսի 15-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նորայր Յոլչյանն ազատվեց Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Այդ ժամանակ տարածված տեղեկությունների համաձայն՝ նրա պաշտոնանկությունը կապված էր հնարավոր չարաշահումների հետ»:
Ով կփոխարինի Սերգեյ Բագրատյանին հանձնաժողովում
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 10-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենալու հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:
Բանն այն է, որ այդ հանձնաժողովի նախագահի տեղակալը մինչ այս ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր, և նախագահի տեղակալի նոր ընտրություն կատարելը կապված է հենց այն հանգամանքի հետ, որ վերջինս դուրս է եկել խմբակցությունից:
Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ եթե պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, նա իրավունք չունի լինել հանձնաժողովների, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովների և խորհրդարանական կազմակերպությունների կազմերում:
Եվ, ահա՝ ելնելով այդ հանգամանքից, այժմ Սերգեյ Բագրատյանի փոխարեն պետք է նոր թեկնածու առաջադրվի այդ պաշտոնի համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան այդ պաշտոնում կփոխարինի Վարդևան Գրիգորյանը: Հավելենք, որ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Սերգեյ Բագրատյանի անունը հանված է նաև ԱԺ պաշտոնական կայքից, և առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև միջխորհրդարանական հանձնաժողովներում»:
«Հրապարակ» թերթ
ՍԴ-ում «շունը տիրոջը չի ճանաչում»
Սահմանադրական դատարանում «շունը տիրոջը չի ճանաչում»՝ ում խելքին ինչ փչում է, այն էլ անում է։ Պարզվում է՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Առաքելյանը, օգտվելով աշխատակազմի ղեկավարի բացակայությունից, ավելի ճիշտ՝ արձակուրդում գտնվելու փաստից, մոտ մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ին նամակ է ուղարկել սահմանադրական փոփոխությունները վիճարկելու վերաբերյալ կուսակցության պատգամավորների և Տիգրան Ուլիխանյանի դիմումի վերաբերյալ։ Նշել է, որ դիմումը չի համապատասխանում տեխնիկական պահանջներին, այն պարագայում, երբ դիմումը մուտք է եղել հունիսի 25-ին, իսկ տեխնիկական անհամապատասխանության վերաբերյալ ՍԴ-ի կողմից դիմումատուին իրազեկելու գործընթացը եռօրյա ժամկետ ունի։
Խոսքը 26 պատգամավորի ստորագրությամբ ՍԴ մուտք եղած դիմումի մասին է․ օրենքը, հիշեցնենք, 27 ստորագրություն է նախատեսում։ Մենք պարզեցինք, որ արձակուրդում գտնվող Էդգար Ղազարյանը ԲՀԿ-ին նման դիմում չի ուղարկել, քանի որ, որպեսզի դա աներ, պետք է ստանար ՍԴ նախագահի կարծիքը դրա վերաբերյալ, մինչդեռ դիմումը մուտք արվելուց մեկ օր անց՝ համաձայն սահմանադրական փոփոխությունների, ՍԴ-ն այլևս նախագահ չուներ։ Հիմա դիմումը դրված է աշխատակարգային նիստի օրակարգում, և դատարանն այն չի քննել։
Պայքար վճռաբեկի նախագահի տեղի համար
Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածու ընտրվելուց հետո ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր է։ Չնայած, շատերի կարծիքով, այս պաշտոնի դերը չափազանցված է, քանի որ Խունդկարյանի օրոք այն առհասարակ դադարեց դատավորների «նախարար» լինելուց, այնուամենայնիվ, սա կարևոր պաշտոն է՝ գոնե իշխանությունների կողմից դատական համակարգը կառավարելու առումով։ Նոր նախագահը ևս, ըստ օրենքի, պետք է ընտրվի վճռաբեկ դատարանի կազմից՝ քրեական կամ քաղաքացիական պալատից։
Վճռաբեկի յուրաքանչյուր դատավոր կարող է հավակնել այս պաշտոնին, բայց նրան պետք է առաջադրեն, ապա՝ ընտրեն Ազգային ժողովում։ Մեր տեղեկություններով, ինքը՝ հեռացող Խունդկարյանը, շատ է ուզում, որ իրեն փոխարինի վճռաբեկի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ով հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է, թեպետ ինքն էլ արդեն պակաս հայտնի չէ։
Իրավաբանության դոկտոր է, 2008-ին եղել է «Յոթի գործով» դատախազների կազմում։ Նա ուղիղ 12 տարի դատախազ է աշխատել, 2012 թվականին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, 2016-ին՝ վճռաբեկի դատավոր, իսկ 2018-ի հուլիսից վճռաբեկի քրեական պալատի նախագահն է։ Սակայն նրա գործընկերներն ասում են, որ դատախազի հոգեբանությունն ամուր է նստած նրա մեջ․ «Բոլոր մարդկանց տեսնում է ճաղերի միջով»։ Առհասարակ, դատական համակարգում կարծում են, որ վճռաբեկն իր լավագույն ժամանակներն ապրել է այն օրերին, երբ նախագահը եղել է քաղաքացիական իրավունքի մասնագետ, այլ ոչ թե քրեական։
Փաշինյանը կրկնեց աղքատության մասին իր հայտնի խոսքը
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, եղել է սահմանամերձ գյուղերում, ապա Բերդում մասնակցել է «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի բացմանը։ Նա իր ելույթներում խոսել է մարզում ասֆալտապատման աշխատանքների, բազմամարդ մի ընտանիքի համար տուն կառուցելու, գյուղերում տանիքները նորոգելու մասին։ Իսկ Չինարիում գրեթե կրկնել է մոտ մեկ տարի առաջ ասած այն միտքը, թե «աղքատությունը ձեր գլխում է»։ Նա ասել է․ «Մենք մեր խեղճությունը պետք է հաղթահարենք: Ու սա է այսօրվա ամենակարևոր իմաստը: Որովհետև հաղթած ժողովուրդը պետք է ինքն իր ներսում սկսի ապրել որպես հաղթանակած: Դա սեղանի պարունակության հետ կապ չունի, դա գրպանի պարունակության հետ կապ չունի: Դա, առաջին հերթին, հոգեվիճակ է: Այդ հոգեվիճակը որ գալիս է, մնացածը հերթով կկարգավորվի»:
Իշխանությունը «հյուսիս-հարավ»-ի վերաբերյալ նոր հանգուցալուծում է գտել
Նախորդ իշխանություններից ժառանգություն մնացած Հյուսիս-հարավ մայրուղու ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։ Նոր իշխանությունները, սակայն, կարծես թե գտել են դրա մի հատվածի հանգուցալուծման տարբերակը։ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածը, որի կառուցման համար պատասխանատու է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, ոչ թե բետոնապատ կլինի, այլ՝ ասֆալտապատ։ Մեզ ասացին, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ բետոնը մեր բնակլիմայական պայմաններում արդյունավետ չէ, նաև ավելի թանկ է նստում, ուստի որոշել են ասֆալտապատել, ընդ որում՝ եռաշերտ ասֆալտ են անելու, հաստությունը՝ 20-22 սմ։ Ասֆալտապատումը մեկնարկելու է Մաստարայի հատվածից։ Այդ նպատակով չինացիներն ասֆալտ արտադրող գործարան են կառուցել Հայաստանում, որը կարող է ժամում արտադրել մինչև 300 տոննա ասֆալտ։ Օրերս շինհրապարակ էր այցելել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ Մոտ օրերս ավելի հանգամանալից կներկայացնենք թեման։
«Փաստ» թերթ
ՍԴ-ի նոր «ասողները»
Ներկայումս ՍԴ-ում բավականին հախուռն իրավիճակ է, քանի որ դեռևս վերջնական հստակեցված չէ, թե ՍԴ դատավորներից ովքեր են վերջնականապես լքում իրենց զբաղեցրած պաշտոնը, կամ՝ լքում են, թե ոչ, ովքեր են ընտրվելու և այլն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ-ում ներկա փուլում երկու դատավորներ իրենք իրենց «ասող» են հռչակել և փորձում են կոորդինացիա իրականացնել. խոսքը Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի մասին է։ Թերթի՝ ՍԴ աղբյուրը հաղորդել է, որ անցած տարի իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանը հիմա փորձում է աստիճանաբար նորից դերի մեջ մտնել։
Ավելին, մեր կառավարական աղբյուրը վստահեցրեց, որ Վահե Գրիգորյանը վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի հաճախականությամբ այցելում է կառավարություն. ի դեպ, այցերը տեղի են ունեցել հետաշխատանքային ժամերին։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ վերջին այցերից մեկի ժամանակ նրան ուղեկցել է նաև Դիլանյանը, իսկ շատ կարճ ժամանակ անց կառավարություն է եկել նաև փաստաբան Տիգրան Եգորյանը։
Ըստ նույն աղբյուրի, կառավարության շենքում հիշյալ անձինք բավական երկար են մնացել և միասին են լքել այն։ Ի դեպ՝ տեղեկություններ կան, որ այդ հանդիպման ժամանակ ոչ միայն ՍԴ հարցերն են քննարկվում, այլև Մարտի 1-ի հետ կապված դատավարության ընթացքին առնչվող հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







