ՀՅԴ Հայ երիտասարդական միությունը հերքել է ոստիկանության հայտարարությունը, թե Եռաբլուրում շիրմաքարերին հայտնված մոմի հետքերը նախօրեին ՀՅԴ ՀԵՄ-ի կազմակերպած մոմավառության հետևանքով են առաջացել։
«Ոստիկանությունը, առանց պատշաճ քննություն անցկացնելու, հապշտապ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ շիրմաքարերին հայտնված հետքերը նախօրեին մեր կազմակերպած մոմավառության արդյունք են»,-ասվում է ՀՅԴ ՀԵՄ հայտարարության մեջ։
Նկարներից երևում է, որ իրականացված մոմավառության ընթացքում մոմերը՝ հատուկ տարաներով դրված են միանգամայն այլ վայրում, իսկ հետքերը հայտնվել են հերոսների դեմքերին։
Նշվում է, որ նախօրեին ՀԵՄ-ականներից ներկայացել են Ոստիկանություն և պարզաբանում ներկայացրել, որ իրենց կողմից իրականացված մոմավառության արդյունքում անհնար էր նման հետքերի հայտնվելը։
«Հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը պատշաճ քննություն անցկացնել և բացահայտել եղելությունը՝ զերծ մնալով անհիմն մեղադրանքներից և ապատեղեկատվություն տարածելուց»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին համացանցում լուր է հայտնվել, որ պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարարերը։ Օգտատերերը հրավիրել են ՀՀ Ոստիկանության ուշադրությունը։
Հիշեցնենք նաև, որ նույնանման դեպք տեղի էր ունեցել նաև 2019-ի օգոստոսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







