Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ գտնվում են Ռուսաստանում իրենց ավտոմեքենաներով և չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ շենքի մոտ Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կա հնարավորություն չարթերային չվերթներով գալու, բայց իրենց մեքենաները թողնելու տեղ չունեն: Սա լուրջ խնդիր է: Ես դիմել էի, որ հատուկ թույլտվություն խնդրենք Վրաստանից, շարասյունով այդ մենքենաները գան Հայաստան: Վրաստանի մտահոգությունն այն է, որ նոր մարդ չմտնի երկիր, հնարավոր վարակակիրները չշփվեն իրենց քաղաքացիների հետ, ես էլ առաջարկել էի, որ հատուկ շարասյունով անցնեն, ոչ մեկի հետ շփում չունենան: Բայց այդ առաջարկը մերժվել է»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը նշեց, որ երկու տարբերակ է առաջարկվել․ կամ ավտոբուսներով գալ, որը պետք է կազմակերպվի, կամ մեքենաները քարշակներով բերել:
«Դա բավական ծախսատար է, իսկ ավտոբուսների հետ կապված ես խոսել եմ ԱԳՆ պաշտոնատար անձի հետ. ասել է՝ դեսպանություն և Ռոստովում մեր հյուպատոսության հետ կապվեն, այնտեղ ցուցակագրվում են: Ինչ վերաբերվում է այս կողմից բացելուն, դրա մասին խոսակցություն չկա»,- ասաց Մարուքյանը։
Պատգամավորը նկատեց, որ հիմա, երբ արտակարգ դրությունը դադարի, ըստ նոր քննարկվող օրենքի պետք է հայտարարվի կարանտին։ «Բայց մեր մտավախությունն այն է, որ կարանտինի ուղերձը լինի ավելի խիստ և սահմանները շարունակաբար չբացեն: Որովհետև շատ դժվար է բացատրել, որ ավելի մեղմ ռեժիմի մեջ ենք մտնում, որի անունը կարանտին է, որը հայտարարվել է ամբողջ երկրով մեկ»,- ասաց Մարուքյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







