Արցախում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։
Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են, որից մեկը Իվանյան գյուղում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ մյուսի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Կորոնավիրուսով հիվանդ երրորդ անձը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից է:
Նշվում է, որ վերջին մեկ օրում առողջացել է 5 քաղաքացի:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունն Արցախում հաստատվել է 302 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 281 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11439 փորձանմուշի հետազոտություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







