Գործադիրը դեռ մայիսի 21-ին հայտարարել է տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ի կառավարության նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Փոխվարչապետը նշեց, որ այս ծրագրի շրջանակներում պետությունն իր պատրաստակամությունն է հայտնել մինչև 50 մլրդ դրամ ներդրումների միջոցով աջակցել մասնավոր հատվածի այն ներդրումային նախաձեռնություններին, որոնք առանց Կառավարության աջակցության դժվարություններ կունենային մեկնարկի և առաջընթացի հարցում:
Պետության նախատեսած առավելագույն ֆինանսավորումը ծրագրի 25 %-ի չափով է, մյուս 25 %-ը ֆինանսավորում է ներդրողը, իսկ 50 %-ը՝ ֆինանսական կազմակերպությունը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ երկար քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ որոշակի փոփոխություններ են պետք ֆոնդի գործողության կանոններում:
Ներկա կարգավորումներով նախատեսվում է, որ ֆոնդը կարող է մասնակցել այնպիսի ներդրումային ծրագրերի, որոնցում Կառավարության մասնակցության չափը չի կարող լինել պակաս, քան 1 մլն դոլարին համարժեք գումարը, և ավելի՝ քան 2 մլն դոլարին համարժեք գումարը:
«Ֆոնդի կառավարչի քննարկումները մասնավոր հատվածի հետ վկայում են, որ բազմաթիվ դեպքեր կան, որ գումարի մի փոքր բարձր կամ ցածր լինելու դեպքում Կառավարությունը կարող է էապես ավելի մեծ մասնակցություն ցուցաբերել պոտենցիալ ունեցող ներդրումների առաջընթացին, և արդեն ունենք որոշակի վիճակագրություն և զեկույց, որը փաստում է այդպիսի դեպքերի մասին»,- նշեց էկոնոմիկայի նախարարը։
Խաչատրյանը հայտնեց, որ փոփոխությամբ նախատեսվում է ֆոնդի կառավարչին ավելի մեծ ճկունություն տալ, որ ներդրումների չափը 1-2 մլն դոլար կազմելու փոխարեն կազմի կես միլիոնից մինչև 4 մլն դոլարի սահմաններում: Մեկ այլ փոփոխությամբ՝ Կառավարությունը ֆոնդում կունենա ժամկետային սահմանափակ մասնակցություն, որի ժամկետը կսահմանվի 10 տարի: Դրա առաջին 5 տարում ֆոնդի կառավարիչն իրավունք կունենա ակտիվ ներդրումներ իրականացնել, իսկ հաջորդ 5 տարին նախատեսված կլինի պետության փայաբաժնի վերադարձման համար:
Ֆոնդի կառավարիչը գործունեության ողջ ժամանակահատվածի համար պետք է ապահովի Կառավարության հատկացրած գումարների համար սպասվող առնվազն 8 % եկամտաբերություն: Այն փաստացի ապահովելու դեպքում ֆոնդի կառավարիչը կստանա պարգևավճար՝ գերազանցող գումարի 10 տոկոսը կազմող գումարի չափով, և դրանք կվճարվեն փայերի մարման ժամանակահատվածում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







