ՀՀ ոստիկանության լիցենզավորման հանձնաժողովը կասեցրել է «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ՍՊ ընկերությանը մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը:
Հանձնաժողովի որոշումը հրապարակվել է հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, ինչպես նաև այդ մասին հայտնել է հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող «Հայկական բնապահպանական ճակատը»:
Այս հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ճակատի ներկայացուցիչների դիմումը ոստիկանություն՝ ընկերության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ։
Որոշման տեքստում նշվում է, որ ընկերության գործունեությունը կասեցվել է մինչև ծառայության մեջ որակավորման համապատասխան ստուգում անցած աշխատակիցների ներգրավումը:
Ավելի վաղ՝ օգոստոսի 31-ին Lydian Armenia-ն հայտնել էր Ամուլսարի հանքավայրի տարածքում պահնորդական ծառայության փոփոխությունների մասին: Հաղորդագրության համաձայն՝ այժմ այնտեղ գործելու է նոր պահնորդական կազմակերպություն՝ նախորդ ընկերության հետ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ։
Նշենք, որ հանքավայրի շրջանում իրավիճակի վերջին սրումը տեղի է ունեցել օգոստոսին՝ այն բանից հետո, երբ Lydian Armenia-ի պահակները ապամոնտաժել էին Ամուլսարի շրջանում հանքավայրի շահագործման դեմ հանդես եկողների վագոն-տնակները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







