Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Ալինա Նիկողոսյանը։
Խոսնակը նշել է, որ 2-ը գտնվում են Արմենիա ՀԲԿ-ում, 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրանցից 2-ը միացված են արհեստական շնչառության սարքին:
Նիկողոսյանը նշել է, որ թունավորման կասկածով Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող պացիենտը բուժօգնության է դիմել օգոստոսի 30-ին: Այժմ պարզվում է վերջինիս թունավորման կապը ներկա դեպքերի հետ:
«Համաճարակաբանական նախնական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախապես հայտարարված 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է, քանի որ վերջինիս մահը վրա է հասել այլ պատճառից»,- գրել է Նիկողոսյանը։
Նշվում է, որ բոլոր տուժածներն օգտագործել են ոչ գործարանային արտադրության օղի, որն էլ կարող է հանդիսանալ թունավորման հավանական աղբյուր:
«Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ: Լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է ալկոհոլային խմիչքի 2 նմուշ՝ բաղադրությունը ճշտելու նպատակով»,- ասվում է հրապակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







