Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր:
Ինչպես հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը՝ վարչապետն ու ԱՀ նախագահն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել համալիրում, ծանոթացել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին, ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:
Նշվել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է Արցախի ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, որի գործունեության արդյունքում մի շարք ոլորտներում իրականացվում են նաև տարբեր ծրագրեր: Տեղեկացվել է, որ արտադրությունն իրականացվում է բնապահպանական արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական սարքավորումներով:
Ըստ հաղորդագրության՝ Շրջայցի ավարտին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ընկերության ղեկավարները մանրամասն անդրադարձ են կատարել հանքանյութի արտադրության գործընթացին և արդյունաբերության ոլորտում ընկերության զարգացման հեռանկարներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







