ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգը։
Նա նշել էր, որ նախագիծը միտված է գործնական և իրավական հարթություններում ոլորտի կանոնակարգմանը և լճում կենսապաշարի կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։
«Մենք գործ ունենք և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդրի հետ, ըստ այդմ պետական կառավարման վերահսկողական մարմիններից զատ կարիքը կա նաև քաղաքացիական հասարակության և բնապահպանական հանրության լայն շրջանակների աջակցության»,- նշել է նա:
Ավելի ուշ նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացրել։ Ըստ այդմ՝
«Բոլոր ձկնորսները և արդյունագործական որսով զբաղվող բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք իրազեկվել են արդեն այդ մասին հանրային լայն արշավի միջոցով, որ հայտեր ներկայացնեին «Սևան» ազգային պարկ, ապա ներկյացված հայտերի հիման վրա կնքեին պայմանագրեր շրջակա միջավայրի նախարարության հետ, յուրաքանչյուրն իր հայտի սահմաններում թույլատրելիի սահմաններում ստանար մինչև 4,5 տոննա սիգ ձկնատեսակ որսալու թույլտվություն, այդ 4,5 տոննա սիգ ձկնատեսակի համար յուրաքանչյուր կգ-ի դիմաց 65 դրամ վճարելով պետբյուջե՝ որպես բնօգտագործման վճար, ամբողջովին օրինական, լեգիտիմ դուրս գար լիճ և որսար պաշտոնապես իրեն վերապահված չափաքանակով ձուկը:
Եվ ահա վաղը, 17 պահակակետերը, ինչպես նաև տեսուչների, ոստիկանների ներկայությամբ պետք է իրագործենք վաղուց բաղձալի այդ նախագիծը»,- տեղեկացրել է նախարարը:
«Անհրաժեշտ նորմ է սահմանվել կես կիլոգրամանոց ձկներից ոչ պակաս ձկների արգելքը, այսինքն՝ յուրաքանչյուր ձկնորս, որը զբաղվելու է Սևանա լճում արդյունագործական ձկնորսությամբ, պայմանագիր է կնքել ՇՄ նախարարության հետ՝ դրանով իսկ պարտավորվել, որ մինչև 4,5 տոննա սահմանաչափի ձկնորսության պարագայում որսված ձկան նվազագույն քաշը պետք է լինի 0,5 կգ»,- տեղեկացրեց Պետրոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







