Սահմանապահ Այգեպարը վերականգնվում է հակառակորդի հրետանու և անօդաչուների հասցրած վնասից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հրապարակելով լուսանկարներ:
«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու և անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։
Ինչպես ասել եմ նաև հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ»,- գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի ուղղությամբ իրադրությունը սրվել է: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանու կիրառմամբ փորձել են գրավել հայկական հենակետը: Դրանից հետո ադրբեջանական կողմը ընդմիջումներով շարունակել է սահմանամերձ գոտում հայկական դիրքերի ու բնակավայրերի գնդակոծությունները: Ադրբեջանական զինուժը կիրառել է զրահատեխնիկա, հրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: Ադրբեջանը սանձազերծած գործողությունների ժամանակ պարբերաբար թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ վնասներ հասցրել նաև բնակելի տներին:
Նկատենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ին որոշել էր 2020 թվականի հուլիսին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացնել 25 մլն դրամ։ Օգոստոսի 6-ին տեղի ունեցած նիստում որոշել էր 2020 թվականի հուլիսին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տավուշի մարզպետարանին 2020 թվականին ինն ամսում հատկացնել 277 մլն 618, հազար դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







