Այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում։ Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից:
Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից»,-հայտնել է նախարարը:
Նա նաև նշել է, որ բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում և դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:
«Սիրելի՛ ուսանողներ և դասախոսներ, հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են»,-գրել է նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







