Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ գործադիր մարմնի որոշման համաձայն` կառավարությունն աշնանացան ցորենի «էլիտա» տեսակի սերմացու գնող գյուղացիներին 1 կգ-ի համար 70 դրամ սուբսիդիա է տրամադրելու։
«Արդեն վերսկսվել է աշնանացան ցորենի ծրագիրը: Մենք հայտարարել ենք՝ Հայաստանում ցորենի աճեցման ընթացքում հիմնական խնդիրներից մեկը ոչ որակյալ սերմի օգտագործումն է, որի արդյունքում արդյունավետությունն էապես ընկնում է: Եվ հատկապես առավել փոքր ծավալով գյուղատնտեսություն վարող տնտեսություններում է խնդիրն առկա: Կառավարությունը հայտարարեց, որ առաջիկա տարում խրախուսելու և ֆինանսապես աջակցելու է բոլոր գյուղացիական տնտեսություններին, որոնք կորոշեն, որ որպես սերմացու օգտագործելու են ոչ թե իրենց պահած սերմացուն, այլ սերմացուն ձեռք են բերելու շուկայում առկա՝ որպես սերմացու վաճառող մատակարարներից»,- նշեց նախարարը:
Խաչատրյանը մանրամասնեց, որ որակյալ սերմացուն պարենային ցորենից ավելի բարձր արժեք ունի՝ մոտ 100-120 դրամ, դրա համար էլ հայտարարվեց, որ սերմացու գնելու դեպքում, եթե շուկայում մատակարարը վաճառում է գյուղացիական տնտեսությանը և իր գործունեությունը վարելու է 2-20 հեկտար մակերեսի վրա, ապա յուրաքանչյուր կիլոգրամ ցորենի համար 70 դրամը կվճարի կառավարությունը:
«Գյուղացիական տնտեսությունը դրանից ստանում է 2 և ավելի անգամ բարձր արտադրողականություն: Եթե մեկ հեկտարի համար ստանում էր առավելագույնը 1.5-1.8 տոննա ցորեն, ապա որակյալ սերմացու օգտագործելով՝ կստանա 3.5-4 տոննա ցորեն»,- նշեց Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ ըստ գյուղացիական տնտեսություններից ստացած նախնական տվյալների` այս ծրագրի արդյունքում Հայաստանում 600 տոննա ցորենի բերք կլինի։
Ծրագրի հաջող արդյունքի դեպքում նախարարը չի բացառում, որ կառավարությունը կորոշի նաև հաջորդ տարի կրկնել աջակցության ծրագիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







