Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան համայնքի «Հայփոստ»-ի հին ու նորաբաց գրասենյակների լուսանկարները՝ գրելով, որ «Հայփոստ»-ի խորհրդի և տնօրենի հետ զարգացման ռազմավարության քննարկման ընթացքում կարևորվել է սահմանամերձ գոտիներում գրասենյակների առաջնահերթ վերակառուցման հարցը։
Այսօր Բարեկամավան գյուղում նոր տիպի փոստային բաժանմունքի բացմանը ներկա էին նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: Հաղորդում է Տավուշի մարզպետարանը:
«Ինձ համար կարևոր է Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի կյանքի պայմաններն ու որակը: Գյուղը պետք է ոչ միայն հարուստ լինի բնությամբ ու մարդկանցով, այլ նաև միջավայրով, ծառայությունների որակով: Այսօրվա ներդրումը նշաձող է այն բոլոր ծրագրերի համար, որոնք պիտի իրականացնենք: Այս ծրագիրը շարունակական պետք է լինի մեր մյուս գյուղերում: Մեր ժողովուրդը և մեր գյուղը արժանի են լավագույնին»,- ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Ստեփան Ծատուրյանը նշեց, որ նախատեսվում է սահմանամերձ համայնքներում փոստային ենթակառուցվածքների արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական ֆինանսական բանկային մի շարք ծառայություններ:
Հայկ Կարապետյանը բարեկամավանցիներին հորդորել է ակտիվորեն օգտվել «Հայփոստի» ծառայություններից՝ ավելացնելով, որ սա ուղղակի գեղեցիկ շինություն չէ, այստեղ հասանելի է դառնալու մեկ պատուհանի սկզբունքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







