Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին՝ վարչության նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Ներկայացնելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի աշխատանքը՝ Ջորջ Բարսեղյանն ասել է, որ ստեղծման օրվանից՝ 2012 թվականից, կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանում հաստատված սիրիահայությանն օժանդակելուն, նրանց խնդիրների համակարգման ու աջակցության կազմակերպմանը:
Ըստ հաղորդագրության՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է երկու կարևոր պատմական ժամանակահատվածներում՝ Առաջին հանրապետության ստեղծման և Երկրորդ համաշխարհայինից հետո դեպի մայր հայրենիք սկսված հայրենադարձության կարևորությունը։
«Ինչու՞ եմ այս ամբողջը պատմում. մեր Սփյուռքի առանձին հատվածներում, երբ դժվարություն է լինում, հայացքը դեպի Հայաստանն է։ Սիրիայում տեղի ունեցած երևույթները և պատերազմը մարդկային կյանքեր խլեցին, քանդեցին ընտանիքներ և մարդկանց տներ, քանդեցին մարդկանց կայուն ապագան․ սա ցավալի մասն է։ Իսկ ուրախալին այն է, որ սփյուռքահայերը, այդ թվում՝ սիրիահայերն, այսօր հայրենիք ունեն, և եթե դժվարություն լինի այն երկրում, որը նրանց երկրորդ հայրենիքն է, միշտ տեղ ունեն գնալու, ինչպես յուրաքանչյուր զավակ, որը միշտ դժվար պահերին վերադառնում է ծնողների մոտ: Վերադառնում է իր հայրենիք՝ գտնելու իր ինքնությունը։ Սա մեր վերջնական հանգրվանն է բոլոր իմաստներով»:
Նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ երբեք չպետք է մոռանանք Սիրիայի վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ, մանավանդ Ցեղասպանությունից հետո: «Ոչ միայն չենք կարող մոռանալ այն մշակույթը, հոգևոր արժեքները, եկեղեցիները, կենտրոնները, որ դուք ստեղծել եք, այլ նաև Սիրիայի ժողովրդի վերաբերմունքը մեր հանդեպ: Սիրիահայությունը շարունակելու է կամուրջ լինել Հայաստանի և Սիրիայի միջև»,-ասել է նախագահ Սարգսյանը։
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի վարչության նախագահ Ջորջ Բարսեղյանը շնորհակալությամբ նշել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ «Երևան իմ սեր» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Արմեն Սարգսյանը, կարիքավոր 400 սիրիահայ ընտանիքների տրամադրել է սոցիալական աջակցություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







